Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում կայացել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հանդիպումը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Իգոր Կրասնովը նշել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և հայտնել Լեռնային Ղարաբաղում օրինականության ամրապնդման և վերջին 9 ամիսների ընթացքում մարդկանց կյանքի կայունացման ուղղությամբ կողմերի կատարած աշխատանքների զգալի արդյունքների մասին: Ռուսաստանի գլխավոր դատախազն իր հիմնական խնդիրն է համարել լարվածության թուլացումը տարածաշրջանի բնակչության շրջանում:
Նա կոչ է արել ավելի ինտենսիվ օգտագործել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զինվորական դատախազներին դիմելու հնարավորությունը՝ որպես տեղեկատվության փոխանակման ուղի, այդ թվում՝ կատարված խախտումների մասին ազդանշանները փոխանցելու, ինչպես նաև քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքները շարունակելու համար:
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներին կառուցողական փոխգործակցության և ընդհանուր արդյունքի համար՝ տարածաշրջանի ժողովուրդների բարօրությանն ուղղված խաղաղության և կայունության հասնելու համար: Նշվել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների ոլորտում փոխգործակցության դրական մակարդակը:
Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել որոնողական աշխատանքները։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների կատարումն ու հետագա իրավական փոխգործակցության հեռանկարները:
Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազները շնորհակալություն են հայտնել ռուս գործընկերոջը՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մարդասիրական ասպեկտների կատարմանն ուղղված ջանքերի համար:
Կողմերը հաստատել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին հետագա լարվածությունը կանխելու համար: