Գեղամա լեռնաշղթայի Արմաղան լեռնագագաթի գոգավորության մեջ առաջացած լիճն այս աշնանամուտին ցամաքել է չոր ու շոգ եղանակի պատճառով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արմաղան լեռան ստորոտում գտնվող Մադինա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը, Արմաղանի գոգավորությունում առաջացած լիճը տարբեր տարիների ընթացքում ևս հաճախակի ցամաքել է, սակայն վերականգնվել է ձնհալի կամ առատ տեղումների ժամանակ։ «Արմաղանի լիճը սովորաբար ցամաքում է միայն երաշտ տարիներին, ինչպես և եղել է այս տարվա ընթացքում։ Ավելի քան 60 օր տեղումներ չեն գրանցվել, փոխարենը ջերմային ֆոնը նորմայից բարձր է եղել։ Եղել են տարիներ, երբ լիճը վերականգնվել է նույնիսկ աշնան ամիսներին, երբ առատ անձրևներ են եղել։ Հիմա տեղումները սակավ են, սակայն եկող գարնան ու ամռան ընթացքում լճի ջրերը վերականգնված կլինեն, զբոսաշրջիկները, ուխտավորները կրկին Արմաղանի կատարի լիճը տեսնելու հնարավորություն կունենան»,- հավաստել է Արտակ Կարապետյանը։
Արմաղան լեռը համարվում է Գեղարքունիքի մարզի ամենահայտնի զբոսավայրերից և ուխտավայրերից մեկը։