ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Standard & poor’s» վարկանշային գործակալությունն առաջին անգամ ՀՀ կառավարությանը վարկանիշ է շնորհել:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ «Standard & poor’s»-ը կառավարությանը շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:
«Հայաստանին վերաբերող զեկույցներ է հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ «Moody’s»-ը, «Fitch»-ը ու «Standard&Poors»-ը: Վերջինի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն սահմանել է նաև փոխանցման ու փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար: Այն սահմանվել է «BB-», ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունները կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ»,- ասաց Խաչատրյանը:
Ընկերությունը նշում է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման: