Հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու: Այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ, այդ թվում՝
-35-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու, ընտրակաշառք ստանալու համար,
-3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,
-2-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,
-2-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,
-4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար:
Ըստ էության, ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար դատի տրված անձանց թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 76 տոկոսը: Դատարան ուղարկված գործերից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով 1 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, միաժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է: