Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ, – հաղորդում են Արցախի կառավարությունից:
Շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, Բեգլարյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները: Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ է լայն միջազգային աջակցություն:
Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հիմնախնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր ներգրավվածության շուրջ:
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 20-ին այցելել էր Մոսկվա՝ քննարկելու Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, իսկ հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպումներ էր ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի ղեկավարության հետ: