ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը կրկին հետաձգվեց։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել դատական նիստին։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։
Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, նա թեստ է հանձնել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում): Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։