Բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է դարձել, և ոստիկանությունը պետք է ամենայն խստությամբ հետևի դրան: Այս մասին կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ համաճարակային կանոնների պահպանումից զատ՝ շարունակ պետք է քաղաքացիներին ուղերձ տալ, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահերի թիվը նվազեցնելու միակ տարբերակը պատվաստումն է. այլ տարբերակ չկա:
Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա այլևս:
«Մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Նոր չենք ասում, ասել ենք և շարունակելու ենք ասել, որ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել: Մենք լոքդաունների չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ օրական 20-25 հազար մարդու պատվաստվելու ռեսուրս կա Հայաստանում, սակայն դա չի իրականացվում քաղաքացիների պակաս դիմելիության պատճառով: Թեև ընտրությունը քաղաքացիներինն է, սակայն իր կարծիքով՝ ընտրելու բան չկա. միակ տարբերակը պատվաստվելն է:
Փաշինյանը կառավարության բոլոր օղակներին կոչ արեց մշտապես քարոզել պատվաստումների կարևորությունը և փրկել մարդկանց: