Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է նոյեմբերի 7-ի գործով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը։ Այսօր քննարկվում են ընթացակարգային հարցեր, դատավարության հեռուստատեսային հեռարձակման հարցը։
Գործով փաստաբանները պահանջում են այլ լրատվամիջոցների ևս թույլ տալ լուսաբանել դատավարությունը։
«Ինչպես տեսնում եք, մոտ քսան լրատվամիջոց խնդրել է նկարահանել գործընթացը։ Այո, Հանրային հեռուստատեսությունը լուսաբանում է գործընթացը, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն թույլատրում մյուս լրատվամիջոցներին նույնպես դա անել։ Նախկինում եղել են մի շարք նախադեպեր, երբ այն լուսաբանվել է մի քանի լրատվամիջոցների կողմից։
Դատավարությանը ներկա է գործով ամբաստանյալներից մեկը՝ մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որը ևս պահանջել է թույլ տալ Հանրային հեռարձակողին ուղիղ եթերում լուսաբանել դատավարությունը։
Դատավորը Գիգի Ուգուլավային կոչ է արել հարգել դատարանի որոշումը և նշել. «Շատ եմ ցավում, որ այդպես եք ասում, պարո՛ն Գեորգի, մի խանգարեք դատարանին»։
Միխեիլ Սաակաշվիլին ներկա չէ դատավարությանը։ Ինչպես նշել են Քրեակատարողական ծառայությունում՝ հնարավոր խանգարիչ գործողությունների պատճառով։
Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլու ունեցվածքը զավթելու մեջ։