«3+3» ձևաչափը համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին։
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այդ ձևաչափի վերաբերյալ բավականին հակասական հայտարարություններ են հնչում Վրաստանից, բայց դա այդ ինքնիշխան պետության իրավունքն է։
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ համանախագահների ձևաչափը միջազգային մեծ աջակցություն է վայելում:
Ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ 2021 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարևոր են համարում շարունակել ջանքերը «Եռյակի» գծով, առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համար, ասել է Զախարովան։
Զախարովան հիշեցրել է նաև, որ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 3+2 ձևաչափով հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: «Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, և մենք կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերսկսել համանախագահների լիաֆորմատ ուղևորությունների պրակտիկան տարածաշրջան»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: