Ընդհանուր առմամբ, կա ողջամտություն, ու այդ ողջամտությունը խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են։ ՄԵնք ելնում ենք հենց այդ տրամաբանությունից։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկվա իր հայտարարությանը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։
«Մենք սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չենք անցել, բայց մոտավոր պատկերացում ունենք այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանն այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք»,-ասաց նա։
Հարցին՝ եթե ՀՀ քաղաքացին հասնի Գորիս-Կապան ճանապարհահատված, որտեղ ադրբեջանցիների մաքսակետերն են լինելու, կարո՞ղ են արդյոք անցնել, թե՞ ոչ։
Նա հայտնեց, որ այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին ու միևնույն ժամանակ հավելեց․ «Ընդհանուր առմամբ, ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի։ Այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, չի բացառվում, որ որոշակի վճար սահմանվի։ Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար կամ ինչ-որ բան վճարելով կարող են անցնել։ Բայց քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, որն արդեն կառուցված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է օգտագործել այդ ճանապարհը»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը Կապան-Տաթև ճանապարհի մասին է։
Նա չբացառեց, որ Հայաստանն այդպիսի պատասխան քայլ ևս կարող է անել։
Ինչ վերաբերում է վերոնշյալ խնդրով պայմանավորված հարակից համայնքների իրավիճակին՝ նա նշեց․ «Որևէ համայնք շրջափակման մեջ չէ։ Համայնքներում կոմունիկացիոն որևէ խնդիր չի առաջանալու»։