Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ քառօրյա նիստը։ ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի նիստին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել ու արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը:
Նա նշեց, որ Կառավարությունից պահանջում են հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ։
«Դատապարտում ենք իրավական այս բեսպրեդելը։ Ի նշան բողոքի՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին»,- ասաց Օհանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հավելեց, որ իրենք ևս բոյկոտում են ԱԺ նիստը։
Մամիջանյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները ԱԺ նիստերի դահլիճ կմտնեն այն ժամանակ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության։
«ԱԺ օրակարգում այսօր «Սնդիկի մասին օրենքի» «կարևորագույն» կետի ներառումն է: Երկրի խնդիրները պետք է քննարկվեն ըստ կարևորության ու ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»,- եզրափակեց Մամիջանյանը։