Եթե պաշտոնական հաղորդագրության միջոցով հանրությանը տեղեկացվեց, որ ՀՀ-ի և հակառակորդի ՊՆ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, նշանակում է՝ կապը գործում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Դիտարկմանը՝ կապը Հայաստանի և ՌԴ-ի, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև է, որովհետև հաղորդագրությունից այդպես էր հասկացվում, նա պատասխանեց․ «Հաղորդագրությունից հասկացվել է նաև, որ պետք է կառուցվի կամ արդեն իրականություն պետք է դառնա օպերատիվ կապը Հայաստանի և հակառակորդի ՊՆ-ի միջև»։
Հարցին՝ գործո՞ւմ է այդ կապը, որովհետև երեկվա լարվածությունն այլ բանի մասին է վկայում, նա արձագանքեց․
«Նման լարվածությունները մեզ միշտ մեզ հետևելու են, մինչև վերջնական խնդիրների լուծումը։ Այսինքն՝ մինչև մտնենք դեմարկացիայի և դելիմտացիայի փուլ, ինչի համար պետք է երկրում ստեղծել կայուն ու ներդաշնակ իրավիճակ, բայց կան ուժեր, որ այդ օրակարագը չունեն»։
Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ ՀՀ-ն բազմիցս հավաստիացրել է, որ կողմ է դելիմիտացիայի գործընթացին։
«Մենք շահագրգռված ենք, որ օր առաջ այն սկսվի, հստակություն մտնի, թե որն է այն զրոյական կետը։ Ու այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է լինեն նաև այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»։
Անդրադառնալով նաև երեկ սահմանային լարվածությանը՝ նա նշեց, որ այս ընթացքում լարվածության օջախներ էլի ընթացքում կլինեն․
«Այդ լարվածության օջախները կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին սպասարկող անուղղակի գործընթացներ չլինեն»։
Անդրադառնալով 24 անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հարցին, գերիների թվին, նա նշեց, որ այժմ, ճշտված տեղեկություններով, 6 զոհ կա, ինչի մասին հայտարարվել է, իսկ մնացած ճշգրտումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, բացի զոհերից, ունի նաև 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։