Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը՝ նշելով, որ նշված ժամկետները նախնական են։
Աղբյուրը նշում է, որ օրինագիծն առաջին անգամ ներկայացվել է սույն տարվա մայիսին պատգամավոր Ջոն Սփելարի կողմից․ «Այս փուլում պատգամավորները կարող են քննարկել օրինագծի սկզբունքները, թե արդյոք կլինեն բանավեճեր, թե ոչ»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն անցել է առաջին ընթերցմամբ Բրիտանական համայնքների պալատում, առանց առարկությունների։ Ավելի վաղ հայտնել են, որ հաջորդ ընթերցումը պլանավորված է 2022 թվականի մարտի 18-ին։ Հայտարարվել է նաև, որ փաստաթուղթն իր մեջ ներառում է երեք հիմնական դրույթ։ Առաջինը՝ պետք է լինի պաշտոնական ճանաչումն այն բանի, որ 1915-1923 թվականների Օսմանական կայսրությունում և հարակից շրջաններում հայերի սպանությունները հենց ցեղասպանություն են համարվում։ Երկրորդ՝ առաջարկվում է յուրաքանչյուր տարի անցկացնել ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բացի այդ, Հայերի Ցեղասպանության օր։ Երրորդ՝ նշվում է, որ օրինագծի ընդունումը կնպաստի Հայոց ցեղասպանության փաստի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մասին բրիտանական հանրության լուսաբանմանն ու իրազեկմանը։