Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «Արմեդ» համակարգի և ԱՎԾ-ի՝ կորոնավիրուսային տվյալների անհամապատասխանության հարցը։ Նրա խոսքով՝ համավարակի սկզբին, երբ ստեղծվեց միասնական «Արմեդ» համակարգը, այնտեղ պարբերաբար կուտակվում էր տեղեկատվություն և՛ թեստավորումների, և՛ հիվանդացությունների, և՛ մահերի մասին։
Նախարարն ասաց, որ «Արմեդ» համակարգը որոշ տվյալներ չի ներառել, սակայն այդ տեղեկատվությունը պահպանվել է ԱՎԾ-ի տվյալների բազայում և թափանցիկ կերպով ներկայացված է։
Ինչպես հավելեց նախարար Ավանեսյանը՝ պատճառներն այս պահին ուսումնասիրվում են, և դրանք շուտով կներկայացվեն։
Ինչպես հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում ծառայողական քննության ավարտից հետո այն կուղարկվի նաև դատախազություն։
«Սկզբունքայնորեն կարևոր է պարզել, թե այդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ դատախազությունը պարզի, որպեսզի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել, եթե պարզվի, որ տեխնիկական է, դա էլ առիթ է, որ լրացնենք այն բացերը, որոնք կան համակարգում»,- ասաց վարչապետը։