«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մանրամասներ է հայտնել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից։
«Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների, փորձագետների կարգավիճակ ունեցող անձինք 14։00-ի շրջանում որոշակի բանավեճ են ունեցել երկու պատգամավորի հետ։ Իմ տեղեկություններով՝ բանավեճը հարթվել էր։ Այդ ժամանակ որևէ վեճ չի եղել։ Դրանից հետո մեր գործընկեր Սևակին հրավիրում են սուրճ խմելու։ Նախնական տեղեկություններով՝ հրավիրում են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմից։ Սևակն արձագանքում է հրավերին։ Բայց քսան հոգի, այդ թվում՝ պատգամավորներ, սկսել են ծեծել տղաներին ու դեպքը տեղի է ունեցել անվտանգության ներկայացուցիչների ներկայությամբ»։
Վարդևանյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքներ ստացողներ կան։
Հիշեցնենք, որ այսօր, ըստ տեղեկությունների, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, Արմեն Խաչատրյանի, Հրաչյա Հակոբյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ըստ տեղեկության՝ նրանք ծեծել են ԱԺ-ում գտնվող ՀՅԴ մի քանի երիտասարդների։ Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։