Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը եղել է Սյունիքի մարզում՝ բոլոր այն սահմանամերձ համայնքներում, որտեղ հասցրել է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավորը։ Նա արձանագրեց, որ այն, ինչ ինքը տեսել է Սյունիքում, մեղմ ասած, հեռու է մարդու իրավունքներից, քանի որ վտանգված են նրանց կենսական, առողջական և մնացած բոլոր իրավունքները։
«Անընդհատ նշվում է, որ այլընտրանքային ճանապարհը հարցի լուծում է, սակայն ուզում եմ ասել, որ այն գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում։ Չկա մի հատված, որ թշնամու դիտարմումից դուրս լինի։ Բացի այդ, դժվարացել է երեք գյուղերի տեղաշարժը․ մասնավորապես Որոտան, Շուռնուխ համայնքների վիճակն է մտահոգիչ»,- հայտնեց նա։
Պատգամավորն ասաց, որ դասապրոցեսն ապահովելու համար ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրական երկու անգամ գնալ-գալ, ինչը լրացուցիչ դժվարություններ ու դժգոհություններ է ստեղծում։ Թովմասյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք տան պատուհանից ադրբեջանական դիրքերն են տեսնում, ինչը նաև հոգեբանորեն է դժվարացնում նրանց կյանքը, ինչքան էլ որ նրանց համար դառնա սովորական։ Ի դեպ, պատագամավորի խոսքով, այս համայնքներից մեկում՝ Շուռնուխում, անգամ բուժկետ չկա։ Բուժարանի տարածքում տունը կորցրած համայնքապետն է ապրում, իսկ բուժսպասարկում է իրականացնում բուժքույրը՝ տնային պայմաններում։
Մանրամասները՝ տեսանյութում։