Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ Երևանի քաղաքապետարանը հայտնում է․
– Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:
– Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:
– Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից:
– «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։
Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։
Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։