2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրական ողջ գործընթացի, ներառյալ՝ ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում ընտրության մասնակիցների՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիների նախագահների, դիտորդների կողմից տրված հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով 18), ամենաքիչը՝ ՀՀ Տավուշի և ՀՀ Վայոց Ձորի մարզերի ընտրություններին (4-ական):
Նշված 87 հաղորդումների զգալի մասն ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ մի մասի կապակցությամբ, հաշվի առնելով դրանց վերացական կամ ընդհանրական բնույթը, ոստիկանության բաժիններում նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:
Դրանց արդյունքում թվով 79 հաղորդում-ահազանգերից մի մասի դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման ենթակա հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ մյուս մասի դեպքում նախապատրաստված նյութերով կայացվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:
8 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան: