Դուք այստեղ ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, այլ այս որոշմամբ հեռացնում եք Երևանի քաղաքացիներին որոշում կայացնելու իրավունքից։ Այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Նա նշեց, որ երբ ՔՊ-ն ներկայացրել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հիմնավորման կետերը, երևանցին այդ կետերից որևէ մեկի հետ համաձաձայնություն չհայտնեց։ Աբգարյանի խոսքով՝ բոլոր հարցումները, անկախ լրատվամիջոցից, փաստում են երևանցու վստահությունը գործող քաղաքապետի նկատմամբ։
Աբգարյանը նաև ցավ հայտնեց, որ իշխող խմբակցությունը հարցն այստեղ է հասցրել։ «Մեծ սխալ եք թույլ տալիս»,- ասաց նա՝ նշելով, որ Հայկ Մարությանը քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլ»-ի ուղուց շեղվել է ՔՊ-ն։ Նա նաև իր թիմակիցներին հայտնեց Հայկ Մարությանի նկատմամբ ֆեյքային արշավի մասին, որը, իր բառերով, նաև իր անձի վրա է տարածվել։ Աբգարյանն ամբիոնից հայտարարեց, որ այդ ինդուստրիան, որոշ տեղեկություններով, ԱԺ նախագահին է պատկանում։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունենում Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։ Նշենք, որ «Իմ քայլը» քաղաքապետի պաշտոնում առաջադրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:
Մանրամասները՝ տեսանյութում։