Այսօր՝ հունվարի 4-ին, Վարդենիսում պետք է տեղի ունենա անցած հինգշաբթի օրն ընտրված քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը: Մինչդեռ Վարդենիսում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած։ Ոստիկանները փակել են Վարդենիսի վարչակազմի մուտքը։ Ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է Խաչատրյանի երդմնակալությունն անցկացնել բաց երկնքի տակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 4:
Ընդդիմադիր ուժերը ընտրություններից հետո հուշագիր են ստորագրել կոալիցիա ստեղծելու մասին՝ այդպիսով ապահովելով անհրաժեշտ թվով մանդատներ իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու համար։ Դրանից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Հարությունյանը կալանավորվել է։
Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Վարդենիսի ավագանու առաջին նիստը, որտեղ քաղաքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նիստը բոյկոտել են՝ հայտարարելով, որ այն իրավաչափ չէ։