Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը լավ է կազմակերպվում և համապատասխանում է ճգնաժամի կարգավորման նպատակներին։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների գնդակոծման դեպքերին, ապա, ինչպես նշել է Զախարովան, ճիշտ կլիներ այդ հարցով դիմել անմիջապես ռուս խաղաղապահներին, որոնք մշտական կապի մեջ են գտնվում երկու կողմերի հետ՝ անհրաժեշտության դեպքում անցկացնելով միջադեպերի հետաքննություն:
Ավելի վաղ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նշել էր, որ կեղծ խաղաղասիրության քողի տակ ադրբեջանական կողմը շարունակում է առաջ տանել արցախահայության վտարման ծրագիրը ՝ մշտական վախի մեջ պահելով քաղաքացիական բնակչությանը հանրապետության ողջ տարածքում, հատկապես սահմանամերձ շրջաններում: Ընդ որում, նա արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի գնդակոծումը ոտնձգություն է խաղաղ բնակչության, առաջին հերթին՝ կյանքի իրավունքի նկատմամբ: