ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բժշկական գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները, իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի չպատվաստելու, սակայն պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ստացումն ապահովելու համար պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն հանդիսացող տարբեր չափերի գումարներ՝ ձևացնելով վերջիններիս պատվաստումը, իսկ այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են:
Արդյունքում, հիշյալ հանրային ծառայողների կողմից իբր պատվաստված լինելու վերաբերյալ տրված կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «Արմեդ» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից, փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են: