«Ընդհանուր առմամբ միջպետական հարաբերություններում մ. թ.ա. գոյություն ունեցող պատմությանն ու դիցաբանություններին հղում անելու դեպքերը, որպես կանոն, կիրառված պրակտիկա չեն։ Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի նման մոտեցումը այն եզակի դեպքերից է, որոնց մենք բախվում ենք»։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։
«Եթե լուրջ, ապա, ինչպես նշել է Ադրբեջանի ղեկավարը, սահմանների սահմանազատման գործընթացի շրջանակներում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա համատեղ սահմանապահ հանձնաժողովների բանակցությունների բաղկացուցիչ մասը, և մենք կօգտագործենք իրավական հիմք ունեցող բոլոր քարտեզները», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, «Արմենպրես» գործակալությանը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ սահմանների հստակեցման գործընթացը հիմնված կլինի 1918-1991թթ.ընկած ժամանակահատվածի վրա, և որ 1918-20 թթ. որոշ քարտեզներով Երևանն ու Սյունիքն իբր պատկանում են Ադրբեջանին, հիշատակել է հին քարտեզները՝ ընդգծելով, որ Հայաստանը գոյություն ունի այդ բոլոր քարտեզների վրա:
«Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի մեջ, Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ այդ աշխատանքը պետք է հիմնված լինի երկու կողմերի ընդունած իրավական ուժ ունեցող քարտեզների վրա», – ասել է Հայաստանի արտգործնախարարը: