2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։ Բացի դրանից՝ պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը կդառնա ավելի պրոգրեսիվ: Համապատասխան որոշում ընդունվեց կառավարության այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում։
Մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով և ռոյալթիով:
Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև ռոյալթիի գործող համակարգը որոշակիո¬րեն արձագանքում է մետաղների միջազգային գներին՝ այն իմաստով, որ վերջիններիս բարձրացման պարագայում ռոյալթիի դրույքաչափը, ի հաշիվ շահութաբերությունից կախված բաղադրիչի, որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդարացի և հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսանկյունից։
Հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել առավելապես գործունեության վերջնական ֆինանսական արդյունքների վրա հիմնված՝ առավել արդարացի ու տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված հարկային բեռ ձևավորող համակարգ, որը նաև կերաշխավորի ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե։