«Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի բարի կամքին»: Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Գերատեսչության ղեկավարը ասել է, որ հաղթանակից հետո Ադրբեջանը ցույց տվեց աշխարհին, որ «ցանկանում է տարածաշրջանում խաղաղության և հանգստության հասնել, և առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղ համաձայնագիր»:
«Այնուհետև քննարկվեց սահմանների որոշման համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը, Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ հարցերի շուրջ, և ստեղծվեց համատեղ սահմանային հանձնաժողով»,-նշել է նա։
Ադրբեջանը նաև աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններին, և դա դրական է։
«Մենք միշտ ասում և կոչ ենք անում Հայաստանին արձագանքել բարի կամքի այդ մոտեցումներին։ Մեր երեկվա հանդիպմանը մենք հաստատեցինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի մտադրություններ են հայտնել տարածաշրջանային կայունության համար», – ընդգծել է նա։