Դամասկոսը Անկարային մեղադրել է Սիրիայի տարածքում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն` Դամասկոսը մերժում է Թուրքիայի «թշնամական գործողությունները», որոնք կատարվել են մի քանի օր առաջ Հասեկե քաղաքի մերձակայքում, որոնց հետևանքով «զոհվել և վիրավորվել են խաղաղ քաղաքացիներ», ինչպես նաև նյութական վնասներ են հասցվել:
«Սիրիայի տարածքում այսպես կոչված «բուֆերային գոտի» ստեղծելու ուղղությամբ Թուրքիայի գործողությունները ամոթալի ագրեսիա են և Էրդողանի կառավարության կողմից իրականացվող էթնիկ և աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասն են։ Դա ռազմական հանցագործություն է»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ հայտարարության համաձայն` Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում բոլոր օրինական միջոցներն օգտագործել Թուրքիայի և նրա «ահաբեկչական խմբավորումների» ագրեսիան հետ մղելու համար:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։