Հայաստանում ստեղծվելու է իրանական նորարարությունների և տեխնոլոգիաների տուն (IHIT)՝ իրանական արտադրանքի արտահանման զարգացման նպատակով, հաղորդում է Tehran Times-ը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանի Գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի աջակցությամբ մի քանի երկրներում ստեղծվել է Նորարարությունների իրանական տուն՝ գլոբալ շուկաներում գիտության վրա հիմնված արտադրանքի զարգացման համար: Նման կենտրոններ արդեն ստեղծվել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում և Քենիայում, շուտով նրանց կմիանան Հայաստանն ու Իրաքը։
Աջակցելով նորարարական գաղափարներին և անցկացնելով տեխնոլոգիական և նորարարական միջոցառումներ՝ կենտրոնները կդառնան իրանական գիտատար ընկերությունների և ստարտափների զարգացման և առաջխաղացման հարթակ: Կենտրոնները հիմնականում ձևավորվում են մասնավոր հատվածի ներդրումների միջոցով։
Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի ներկայացուցիչ Մեհդի Գալենոեին փետրվարին հայտարարել էր, որ անցյալ տարի գիտելիքների վրա հիմնված ընկերությունները մոտ 800 մլն դոլար եկամուտ են ստացել արտահանումից, իսկ հաջորդ տարի այն կհասնի 2 մլրդ դոլարի: Նա նշել է, որ Իրանի հարևան երկրները, ինչպես նաև Աֆրիկան, Հարավարևելյան Ասիան և Եվրասիան Իրանի համար առաջնային արտահանման ուղղություններ են: «Մենք հույս ունենք այդ բոլոր տարածաշրջաններում հիմնել իրանական տեխնոլոգիական կենտրոններ»,- ասել է Մեհդի Գալենոեին: