Պետք է գնաճը կանխելու այլ գործիքակազմ գտնել, ոչ թե դրամն արհեստականորեն արժևորել։ Այս մասին «Գիտության և գործարարության օրեր 2022»-ի շրջանակում Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Տնտեսությունը տարվա սկզբին շատ առույգ էր, հունվար-փետրվարին 12 տոկոս տնտեսական աճ էր գրանցվել, սակայն վերջին իրադարձություններն իրենց թե՛ դրական, թե՛ մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ տարակարծիք է ԿԲ-ի կանխատեսումների հետ, քանի որ, իր խոսքով, տնտեսությունը վատ չի էլ եղել։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բյուջեով նախատեսված տնտեսական աճն ապահովենք, նաև՝ դրանից ավելի, ինչ հնարավոր է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԿԲ-ի աշխատանքի վրա ազդեցություն չունեն, սակայն տեսնում են, որ կա լայն դժգոհություն արտահանման ոլորտում՝ ԿԲ-ի վարած քաղաքականության վերաբերյալ։
Իսկ թե ինչ քայլեր են անում, Քերոբյանը չմանրամասնեց, անընդհատ քննարկումների մեջ են, նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ ՀՀ կենտրոնական բանկը եռապատկել է 2022 թվականի տնտեսական աճի կանխատեսումը։ Երկրի ՀՆԱ-ն, ըստ նոր կանխատեսման, մինչև տարեվերջ կաճի գրեթե 4,9%-ով։ Գալստյանն այդ աճը պայմանավորում էր նաև Հայաստան ժամանած այցելուներով: