Ոստիկանությունը կկանոկարգի ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիոթյունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները, կհստակեցվի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։
Ըստ կառավարության ընդունած որոշման՝ նախագծով սահմանվել են նաև Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հաստատող տեղեկանքների նոր ձևեր, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու տարբեր ընթացակարգեր։
Սույն նախագծով պարզեցվել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար անձանց կողմից լրացվող հարցաթերթիկների ձևերը։ Փորձը ցույց է տվել, որ դրանցով պահանջվող տեղեկատվության մեծ մասի անհրաժեշտությունը բացակայում է, և պրակտիկայում որևէ կերպ չի ազդում գործի ելքի վրա, մինչդեռ, հարցաթերթը լրացնելը ավելորդ ժամանակ և խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար։
Այսպես, հաճախ, տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ քաղաքացիները ստիպված են լինում հարցաթերթիկը լրացնել այլ անձանց կամ կազմակերպությունների միջոցով, երբեմն նաև դրա համար որոշակի գումար վճարելով։
Նշվածը հաշվի առնելով՝ հնարավորինս պարզեցվել է հարցաթերթը, դրանում ներառվել են բացառապես անձանց վերաբերյալ այն տվյալները, որոնք կարող են անհրաժեշտ լինել գործի քննության ժամանակ։ Բացի այդ, հարցաթերթիկը կազմվել է «դիմում-հարցաթերթի» տեսքով, ինչը բացառում է նաև քաղաքացիության գործը ընդունելիս լրացուցիչ դիմում գրելու անհրաժեշտությունը։
Նախագծով փոփոխության են ենթարկվել նաև պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների համար սահմանված ժամկետները. հաշվի առնելով, որ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախատեսվել է 90 աշխատանքային օր, ուստի քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմիններին վերապահված գործառույթների իրականացման ժամկետները սահմանվել են այնպես, որպեսզի 90 աշխատանքային օրում հնարավոր լինի ապահովել գործերի ամբողջական ուսումնասիրություն, ՀՀ նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացնելը և վերջինիս կողմից հրամանագրի ստորագրումը։
Հիշյալ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն քաղաքացիներին խնայել ժամանակը, արագ լրացնել դիմում-հարցաթերթը և փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում մուտքագրել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործը, ինչի արդյունքում կպարզեցվի վարչարարությունը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։