Շնորհիվ հարկային եկամուտների՝ կառավարությունն իր պահուստային ֆոնդը համալրել է 40 միլիարդ ՀՀ դրամով (շուրջ 90 միլիոն ԱՄՆ դոլար)։ Այս մասին որոշում ընդունեց կառավարությունն այսօրվա նիստում։
Պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված են եղել։ Այս մասին նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են 911 միլիարդ դրամ, որը 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա տվյալները։
«2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թվականի անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանս ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022 ընթացքում:
Քննարկել ենք 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների հավելվածում ներառված կապիտալ բնույթի ծրագրերը և նախատեսում ենք դրանց մի մասը ևս ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք, հակառակ պարագայում, պետք է մեկնարկեին 2023 թվականի սկզբում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավելի են կատարել 147 միլիարդ դրամով: