«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ու թիմը վերջին շրջանում իշխանությունների դեմ դեմարշներ են անում․ որոշ նախաձեռնություններում միանում են ընդդիմությանը՝ փորձելով զիջումներ կորզել Արայիկ Հարությունյանից: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին հաջողվել է հասնել որոշ բանի: Պետության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել բնակարանաշինության պետական ծրագրին մասնակցելու հարցում: Արտոնյալ պայմաններով փորձում է վարկ ստանալ եւ բնակարաններ կառուցել՝ հետագայում կրկին պետությանը վաճառելու, անտուն արցախցիներին բնակարանով ապահովելու համար: Անգամ տարածքներն են նշում․ մեկը՝ զագսի շենքին հարակից տարածքում, Ստեփանակերտի «տատի-պապիի» արձանի մոտակայքում, մյուսը նրա վաղեմի ընկեր՝ «ցեխավիկ» Էդոյի կիսակառույց շենքն է՝ Ստեփանակերտի կենտրոնական մասում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները միշտ էլ երկիրը «կառավարել» են սոցցանցերի միջոցով, ուստի բնական է, որ սոցցանցերն ու մեդիահարթակը նրանց համար ունեն առանձնահատուկ նշանակություն։ Այս դաշտը քպականների համար ամեն ինչից վեր է: Հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են իրենց համար այս կենսական, կարևորագույն, աննկարագրելի կարևոր «դաշտում» հնարավոր բոլոր մեթոդներով, ինչպես իշխանական սատելիտներն են սիրում ասել, հեգեմոն դիրք ունենալ, փակուղի մտցնել ու «հաղթել» ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին։ Թերթի տեղեկություններով, այս հարցում իշխանությունները բավական լուրջ են տրամադրված և սոցցանցերում ակտիվ հատվածի յուրաքանչյուր գրառում անմիջապես ֆիքսում են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեդիահարթակների հարցերով զբաղվող բլոկի առաջ հստակ խնդիր է դրված սոցցանցերում որոշակի բալանսավորում ապահովել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի հետ ՔՊ խմբակցության հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել։ Այնպես, ինչպես բերդերում են անում, երբ թմրամիջոց ու բջջային են փնտրում։ Եվ դա ՔՊ-ի ներսում տարակուսանքի, եթե չասենք՝ վրդովմունքի, տեղիք է տալիս։ Ոչ թե վարչապետի հետ հանդիպումից առաջ առաջարկում են հանձնել բոլոր նկարող, ձայնագրող սարքերը, այլ վարչապետի թիկնապահները ներս են մտնում, սկսում ստուգել, թե ում ձեռքին հեռախոս, պլանշետ կամ apple watch կա, որով կարող են ձայնագրել կամ տեսագրել հանդիպումը, եւ ձեռքներից հավաքում են։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այլեւս ոչ մեկին չի վստահում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ, ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 % հետվճար ստանալ: Այս մասին մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ, թեպետ այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե քանի բանկ է իրականում մասնակցելու ծրագրին: Այժմ ընդամենը 3 բանկ է ներգրավված ծրագրում: Որոշումն արդեն շուրջ 7 օր է՝ ուժի մեջ է ու արդեն քաղաքացիների մոտ անորոշություններ և մտահոգություններ կան: Վերջին մի քանի օրերին «Փաստ» օրաթերթը թոշակառուներից, նպաստառուներից զանգեր է ստանում: Նրանց հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ծրագրից օգտվելու ցանկություն կա, բայց ստիպված են այդ դեպքում այլ բանկի շահառու դառնալ, ինչը, որոշ մարդկանց համար, իրենց խոսքերով, ոչ այդքան ցանկալի, նաև հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է: Ի դեպ, մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ որևէ կառույցից հստակ պատասխան չեն ստանում ու չգիտեն՝ ի՞նչ անել այս դեպքում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԵՄ-ն ուշադիր հետեւում է առանցքային դատական ինստիտուտների գործունեությանը, ինչպիսին է Բարձրագույն դատական խորհուրդը, եւ պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին աջակցել Հայաստանի իշխանություններին բարեփոխումներից բխող մարտահրավերներին դիմակայելիս: Այս մասին ասվում է՝ Հայաստանում ԵՄ դեսպանի գրասենյակից օրաթերթի ուղարկած հարցին ի պատասխան: Օրաթերթը դիմել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիին եւ խնդրել իր տեսակետը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության մասին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե որքանով է այն համապատասխանում անկախ դատական համակարգ ունենալու մասին հայտարարություններին»: