Այսօր ՆԱՍԱ-ն հրապարակել է մարդու կողմից երբևէ ստեղծված ամենահզոր ու ամենաբարդ տիեզերական աստղադիտակի՝ James Webb-ի արած լուսանկարները: Այս մասին գրում է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ կից հրապարակելով լուսանկարը:
«Տիեզերքի՝ նախադեպը չունեցող ամենախոր ու բազմաբովանդակ այս լուսանկարները նոր հնարավորություն են՝ ընդլայնելու մասնավորապես Տիեզերքի շուրջ պատկերացումներն ու գիտական աշխարհայացքը՝ ճանապարհ հարթելով նոր նվաճումների համար, որոնք անկյունաքարային կլինեն տիեզերագիտության ոլորտում ապագա բացահայտումների տեսանկյունից»,- գրել է նախագահը՝ հավելելով, որ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա: