«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մտադրությունից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մտադիր չէ ձեռք քաշել: Ավելին` Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, թե «շատ հաճելի գործընթաց է սկսվել»: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորներն են պատրաստվում սպասել ՍԴ վճռին կամ բարի կամքին: Մեզ հասած լուրերի համաձայն` «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ այս օրերին մտորումների մեջ են, թե որ պահին կլինի ավելի նպատակահարմար վայր դնել մանդատը` մինչեւ այն կփորձեն ստիպելով անել ՔՊ-ականները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարման ակադեմիայի վեց ուսանող, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնվել են խնդրի առջեւ: Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ՝ ակադեմիային գումար է փոխանցվել որպես ուսման վճար այդ ուսանողների կրթությունը մագիստրատուրայում հեռավար կարգով իրականացնելու համար: Օրաթերթի տեղեկություններով՝ այդ գումարը հետագայում հետ է վերադարձվել պետբյուջե, քանի որ որոշման մեջ հեռավար բառը նշված չի եղել: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ ակադեմիան որեւէ քայլի չի դիմել՝ վրիպակն ուղղելու եւ կրկին ուսման գումարը ստանալու համար, ինչի հետեւանքով վեց ուսանողներ հայտնվել են փաստի առջեւ եւ չեն կարողացել դիպլոմ ստանալ, քանի որ նրանց վարձավճարը՝ մոտ 350 հազար դրամ, վճարված չէ: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարման ակադեմիա: Այնտեղից Հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Ելենա Գրիգորյանը ուղարկեց այն որոշումը, որով առաջնորդվում է բուհը՝ այլ մեկնաբանություն չտալով, թե ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 20 մլն դրամի չափով: Այս մասին այսօր որոշում կկայացնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար: Պարզվում է, որ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չի պահպանել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, իսկ ընկերության ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար: Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ: Կբողոքարկի արդյոք ՀԷՑ-ը հանձնաժողովի որոշումը՝ ցույց կտա ժամանակը»: