ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակներում այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար։
ԱՄՆ նախագահին դիմավորել են երեք դավանանքների՝ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի, Երուսաղեմի (հունական) ուղղափառ եկեղեցու և Երուսաղեմի կաթոլիկ եկեղեցու Լատինական պատրիարքարանի պատրիարքները, որից հետո Ջո Բայդենն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ:
Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գրասենյակի ղեկավար Կորյուն Բաղդասարյանը։
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջնորդ Նուրհան եպիսկոպոս Մանուկյանը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նախագահ Բայդենին պատմել է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի գործունեության, դրա ստեղծման պատմության, Երուսաղեմում հայկական եկեղեցու իրավունքների մասին: Զրույցի ընթացքում քննարկվել են հայկական եկեղեցու գործունեությանը, Երուսաղեմի հայ համայնքի կյանքին վերաբերող տարբեր հարցեր:
Զրույցի վերջում Հայոց պատրիարքը ԱՄՆ նախագահին է նվիրել հախճապակե ափսե ու նուռ, տեղեկացրել է Հայոց պատրիարքարանի գրասենյակի ղեկավարը՝ հիշեցնելով, որ հախճապակե սպասքը Երուսաղեմ է բերվել 1919 թվականին հայերի կողմից, և հախճապակյա իրերի պատրաստման արվեստը Երուսաղեմում յուրօրինակ հայկական բրենդ է:
Ըստ Կորյուն Բաղդասարյանի՝ նախագահ Բայդենը շատ տպավորված էր այդ հանդիպումներով։ «Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ նա շատ ջերմ է վերաբերվում հայ ժողովրդին. դա նկատելի էր նրա առանձնահատուկ վերաբերմունքով հայկական եկեղեցի այցելության և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ»,– ասել է Կորյուն Բաղդասարյանը: