Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։
ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ԱՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: