Քանի դեռ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ քրեական գործն ավարտված չէ և արդյունքներ չունենք, դեպքի վայրի տեսագրություններով կարող ենք ասել, որ ահաբեկչական գործողությունն, ըստ էության բացառվում է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա վերջնական եզրակացություն չէ։
Պայթյունի պատճառների վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ասաց, որ այս պահին ապացույցներ չկան, որ դա ահաբեկչություն է։
«Քրեական գործի շրջանակներում քննվում են դեպքի տարբեր վարկածներ, սակայն այս պահին քրեական գործով չկա որևէ ապացույց, որը վկայում է ահաբեկչության կամ հանցագործության շրջանակներում որևէ դիտավորյալ գործողությունների առկայության մասին»,- ասաց նա։
Քյարամյանը պարզաբանեց նաև, որ քրեական գործի շրջանակներում մինչ այժմ հավաքագրված ապացույցները վկայում են անզգուշությամբ կատարված հանցագործությունների մասին։
Իր հերթին՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց, որ պայթյունից հետո 63 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ-ներ։ Նրանցից 52-ն ապաքինվելուց հետո դուրս են գրվել։
«Այս պահին 4 հոգի գտնվում է բժշկական կենտրոններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Առաջիկա օրերին նրանք ևս դուրս կգրվեն»,- մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ բուժօգնությունը կատարվել է պետբյուջեի հաշվին, շարունակական բուժօգնությունը նույնպես անվճար կլինի։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։