ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ երեկվա բողոքի ակցիաներին՝ այն որակելով որպես «դիվերսիա՝ Երևանի սրտում»։ Նա նշեց, որ ակցիաներն ուղղորդված էին։
«Երեկ երիտասարդ տղերքի էին ուղարկում մեր տուն, էսօր ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները մեզ տեսնում, երեսները թեքում են»,-ասաց Ալեքսանյանը՝ նկատի ունենալով մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Վերջինս, ելույթ ունենալով, նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
«Այստեղ եմ եկել՝ փոխանցելու տասնյակ հազարավոր մարդկանց հորդորը ձեզ։ Այն մարդկանց, որոնք հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ շտապել էին Բաղրամյան պողոտա։ Նրանց ոչ ոք չէր ուղղորդել, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի, Արցախի նկատմամբ անհանգստություն։ Միակ ուղղորդումը երեկ ԱԺ ամբիոնից հնչած անթույլատրելի հայտարարությունն էր։ Դավաճանի պիտակը յուրաքանչյուրիդ է կպնելու»,-ասաց նա՝ դիմելով ՔՊ-ականներին։
Գեղամ Մանուկյանի ելույթից հետո ԱԺ դահլիճում լարված իրավիճակ ստեղծվեց, հնչեցին գոռգոռոցներ։
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու հայտարարություն էր արել։ Սկզբում նա նշել էր, որ Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել էր, որ այս պահին Արցախի հետ կապված որևէ փաստաթուղթ չկա սեղանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։