ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը։
«Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։ Երկրի սահմաններին և երկրի ներսում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ունենք հաշված ժամեր գրագետ և լայնախոհ որոշումներով իրավիճակը կայունացնելու և վատագույն սցենարներից խուսափելու համար։ Եկել է պատասխանատվություն ստանձնելու պահը։ Վաղը կարող է ուշ լինել։ Նախորդ օրը ձեր քաղաքական թիմի ղեկավարը բաց տեքստով հայտարարեց, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չի տվել, ընդունեց դրա տապալումը և խոստովանեց, որ ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։ Ակնհայտ է, որ տապալված բանակցային բովանդակությամբ և անելիքի չիմացությամբ հնարավոր չէ դժվար այս պատմական պահին երկիր ղեկավարել և պետություն ներկայացնել։
Դուք ճշմարտությունը լսելուց մի հիստերիկացեք: Դրա փոխարեն ազատվեք գերությունից»-իր Facebook-յան էջում գրել է Իշխան Սաղաթելյանը՝ իշխող ուժին առաջարկելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցով շտապ քննարկումներ սկսել:
«Դուք պարտավոր եք հիմա դա անել: Այս իրավիճակում որևէ բանական մարդ չի կարող ներքին անկայունության և անկառավարելի պրոցեսներ ցանկանալ։ Առավել ևս՝ շահագրգիռ լինել դրանում։ Որպես քաղաքական ուժ պահն է փոխելու հիմնական հարցադրումը.
Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։ Նորից եմ կրկնում առաջարկս.
Ձեր ներսում քաղաքական թիմի նոր ղեկավարի և վարչապետի պաշտոնանկության օրակարգով շտապ քննարկում սկսեք։
Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների նոր կազմ։
Սա թույլ կտա էապես ուժեղացնել դաշնակիցների և միջազգային հանրության հետ աշխատանքը։
Սա թույլ կտա նաև էապես փոխել մթնոլորտը երկրի ներսում, դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու հայտարարություն էր արել։ Սկզբում նա նշել էր, որ Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել էր, որ այս պահին Արցախի հետ կապված որևէ փաստաթուղթ չկա սեղանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: