Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչություն։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ փաստելով, որ արձանագրվել է մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։
Նրա խոսքով՝ անձը ծառայության մեջ չի եղել և որևէ այլ կերպ ներգրավված չի եղել մարտական գործողություններին, և դրա վերաբերյալ կան ապացույցներ։
«Մեր հաստատության կողմից արձանագրվել է առնվազն 6 վիրավորում ստացած քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ, մենք նույնականացրել ենք այդ անձանց, այցելել ենք նրանց։ Այսինքն՝ կան ապացույցներ։ Մենք այս տվյալները ներկայացրել ենք ԱԳՆ-ին»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։
Նա շեշտեց, որ շտապօգնության, տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից բացի թիրախավորվել են նաև լրագրողներ, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
«Շարունակում ենք հավաքագրել, նույնականացնել, իդենտիֆիկացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունները, դրանք նույնպես ամփոփվում են։ Այդ մասին կհրապարակենք զեկույց, և տվյալներով կկիսվենք և՛ իրավապահ մեր կոլեգաների, և՛ ԱԳՆ-ի հետ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։