Առաջնագծում այս պահին հարաբերական անդորր է, սակայն դրա իրական պատճառները դեռ պարզ չեն։ Այս մասին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա անդրադարձավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ներկայացուցչի հայտարարությանը, ըստ որի կա նոր սպառնալիք, որ հարձակում կարող է լինել Նախիջևանի կողմից։ Աբրահամյանի խոսքով՝ սա նշանակում է, որ կարող են մեծանալ պատերազմի մասշտաբները, ընդլայնվել կիրառվող զինանոցը։
«Նրանք, ովքեր աշխարհագրական տեսանկյունից տիրապետում են Հայաստանի քարտեզին, հասկանում են, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը։ Բացի այդ, հիշեցնեմ, որ Նախիջևանում տեղակայված էր ադրբեջանական բանակային կորպուսներից մեկը, որը շուրջ 10 տարի առաջ վերածվեց առանձին համազորային բանակի։ Այսինքն՝ պոտենցիալը, հնարավորությունները, ռեսուրսները կտրուկ ընդլայնվեցին»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը շեշտեց, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում տեղակայված առանձին համազորային բանակն աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, ծրագրերը ներդաշնակեցված են Թուրքիայի ԶՈւ հետ և, բնական է, որ բավական մեծ սպառնալիք են ստեղծում ՀՀ համար։
«Նախիջևանի հատվածից ամենամոտ հատվածը Երասխի ուղղությունն է, Երասխից Երևան էլ չասեմ՝ ինչ հեռավորություն է, և պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել։ Այս պահին թեև սահմանին հարաբերական անդորր է, բայց դեռևս պարզ չէ, թե որոնք են դրա իրական պատճառները։
Արդյո՞ք դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների առաջարկով, թե՞ ինչ-որ բանավոր համաձայնությամբ, որը ինչ-որ փուլում երաշխիքներից կարող է իրավական ուժ ունեցող որևէ փաստաթղթի վերածվել։ Թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ վերախմբավորմամբ»,- նշեց Աբրահամյանը։
Այդ ամենը, ըստ պատգամավորի, կարող է նոր սպառնալիքներ ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։