Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի մասին համաձայնութունը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ինձ շատ ցավ են պատճառել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների մասին հաղորդագրությունները։ Հայտնում եմ իմ հոգևոր աջակցությունը զոհերի հարազատներին և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը: Խաղաղությունը հնարավոր է, երբ մի կողմ են դնում զենքը եւ երկխոսության մեջ են մտնում»,-հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: Հավելենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը վերադարձրել է հայ 32 զինվորականների մարմիններ: Ադրբեջանը հայտնել է իր կողմից 77 զոհի մասին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։