ՀԱՊԿ-ի գործողությունները ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան 2022» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը հիշեցրել է, որ անցած շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի և Բաքվի միջև իրավիճակի սրումից հետո երկրորդ անգամ այցելել է Հայաստան և հանդիպում ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Որքան գիտեմ, Զասը վարչապետին զեկուցել է այն առաջարկությունների մասին, որոնք քարտուղարությունը, ՀԱՊԿ Միացյալ շտաբը մտադիր են ձևակերպել ՀԱՊԿ պետությունների ղեկավարների քննարկման համար։ Կարծում եմ՝ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում»,- ասել է Կոպիրկինը։