Հույս կա, որ ի վերջո հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ներկայացնում է TACC գործակալությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքը խնդիրներ ունի, սակայն այն օգնում է ապահովել անդամ երկրների ինքնիշխանության պաշտպանությունը։
«Իհարկե, մենք տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլեւ խնդիրներ, որոնց արդեն անդրադարձել են հանդիպման մասնակիցները։ Այսօր առանց տեսախցիկների այս մասին ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը, սակայն, ընդգծել է, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի գործնական արդյունքներ, օգնում է պաշտպանել երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը։
Պուտինը նաև կարծում է, որ 2022 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի դինամիկան աճել է։
«ՀԱՊԿ անդամները համագործակցում են համատեղ մեխանիզմների շրջանակներում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, անվտանգության խորհուրդների և խորհրդարանների միջոցով։ Պարբերաբար անցկացվում են խորհրդակցություններ, որոնց ընթացքում մշակվում է համակարգված դիրքորոշում քաղաքական և ռազմավարական հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Բացի այդ, Պուտինը ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ զինելու որոշմանը։
РИА Новости-ի փոխանցմամբ էլ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ աշխատանքը կշարունակվի պաշտոնական հանդիպման ժամանակ։
«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետի հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։