Այսօր՝ նոյեմբերի 30-ին, դատախազը որոշում է կայացրել քրեական հետապնդում հարուցել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ, մեղադրանք ներկայացրել և խափանման միջոց ընտրելու համար գործն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:
Նախկին ոստիկանապետի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:
2011-2018 թվականներին Գասպարյանն իր դստերը նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ապա Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Նրան շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, իսկ 2018 թվականի մայիսի 10-ին ազատվել է աշխատանքից:
Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել, սակայն ՈԶ հրամանատարը ոչ միայն չի խոչընդոտել նրա զանցանքին, այլև որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ:
Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն:
Վերը նշված հանցանքը կատարելու համար 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Յ.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (այն է՝ յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: