Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրումներին:
Գեղամ Մանուկյանը Սուրեն Պապիկյանին հիշեցրեց, որ դեռ այս տարվա փետրվարին էր հայտարարել հայեցակարգի մասին, բայց այն պաշտպանության նախարարի կողմից հետ էր ուղարկվել վերախմբագրման:
«Այսօր արդեն դեկտեմեբրի 1-ն է, բայց ԶՈւ համադրված հայեցակարգային ռազմակավարության հարցն առկախված է, այդ հայեցակարգը չկա: Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե կցկտուր օրենսդրական փոփոխություններն ինչպես կարող են աշխատել»,-նշեց Մանուկյանը:
Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշեց. «Այո, ես ԱԺ ամբիոնից ասել եմ, որ այն հայեցակարգը, որը ներկայացվել է, իմ կողմից չի ընդունվել և ուղարկվել է խմբագրման: Այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք այսօր մեր սեղաններին են կամ արդեն ընդունվել են ԱԺ-ի կողմից, ամենևին կցկտուր չեն, բխում են ՀՀ կառավարության ծրագրից: Ընդհանուր հայեցակարգն արդեն պատրաստ է: Շուտով այն կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: