ԱԱԾ-ն պարզել է, որ ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահ Ա.Բ-ն օգոստոս-նոյեմբեր ամիսներին երկու և ավելի անձանց անօրինական միգրացիա է կազմակերպելու:
Նա նախնական համաձայնության է եկել չպարզված անձանց հետ, ապա մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց կազմակերպել է ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։
«Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվելով են իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ:
Հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։
Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկը ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: