Արցախի հայերն իսկապես գերի են։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է «Լե Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն։
«Այս հիվանդներին հնարավոր չէ տարհանել օդային ճանապարհով, քանի որ Ադրբեջանը սպառնում է խոցել Ստեփանակերտ մեկնող կամ ժամանող ցանկացած ինքնաթիռ կամ ուղղաթիռ։ Նույնիսկ, երբ խոսքը վերաբերում է առողջությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը: