ՀՀ խորհրդարանի Հայաստանի-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը նամակ է ուղարկել Իրանի խորհրդարանի գործընկերոջը՝ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին՝ կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը՝ շուրջ 120 հազար մարդու փաստացի պահելով պատանդի կարգավիճակում։ Այս մասին Պապոյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Ներկայացրել եմ նաև այն հակամարդկային գործողությունը, որով Ադրբեջանը փակել է ԼՂ-ն բնական գազով ապահովող խողովակի փականը՝ զրկելով շուրջ 22 հազար երեխայի ջերմությունից և կրթության իրավունքից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։