Աշխատանքային այցով նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումների հետ կապված հետաքրքիր դրվագներ են փոխանցել արտգործնախարարությունից։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
«Մեր աղբյուրը նշում է, որ մասնավորաբար Բրյուսելում Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։ Նա փորձել է անկեղծանալ հայաստանյան իշխանությունների աշխարհաքաղաքական նախընտրությունների, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իշխանական պլանների շուրջ։ Ընդ որում, նա այդ ամենը փորձել է մատուցել եվրոպացիներին հաճելի աշխարհաքաղաքական կողմնորոշման «սուոսով»՝ քանիցս իր խոսքում շեշտելով ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը»։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, եվրոպացի պաշտոնյաները ակնարկներով ցույց են տվել, որ, ըստ էության, հետաքրքրված չեն շատ մանրամասներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այց է կատարել Գերմանիա: Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: