Սյունիքի մարզի Ուժանիս համայնքը Կապանից մոտ 11 կմ հյուսիս-արևելքում է: Գյուղում չկա խմելու և ոռոգման մշտական ջուր: Փոխարենը գյուղի միակ աղբյուրից բնակիչները հերթով ջուր են հասցնում ընտանիքներին: Քաղաքային իշխանությունը խոստացել է, որ հարցն առաջիկայում անպայման կլուծվի: Չնայած ամեն տեսակ դժվարությանը, տեղաբնակները, որոնք 26 ընտանիք են, գյուղը լքելու միտում երբեք չեն ունեցել:
Ուժանիսում չկան դպրոց և մանկապարտեզ, իսկ երեխաները տեղափոխվել են Կապանի կրթօջախներ: Գյուղում 56 բնակիչ է մշտական ապրում, իսկ ցանքատարածությունները 44-օրյա պատերազմից հետո կրճատվել են: Մոտ 50 հեկտարն այժմ չեզոք գոտում է:
Armenia Today-ի նկարահանող խումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ այցելել է Սյունիքի մարզի Ուժանիս համայնք, որտեղ ԿԽՄԿ-ն իրականացրել է գյուղատնտեսության աջակցության ծրագիր:
15-20 տարի անմշակ հողերը մելորացիայի են ենթարկվել, որի շնորհիվ գյուղացիները կունենան հացահատիկ: Ծրագրի շնորհիվ 28 հեկտար հող է մշակվել:
«Երբ հողը 15-20 տարի չի մշակվում, այն քարանում է, դժվար է լինում մշակել կամ թփակալում է, ինչի հետևանքով մշակելու համար դառնում է ոչ պիտանի: Մելորացիայի նպատակն այն է, որ հողը խորը վար է արվում, փխրեցվում է, երկու անգամ կրկնավար է արվում և մաքրվում է մանր թփերից, որից հետո հողը դառնում է պիտանի հետագա մշակման համար՝ ցորենի և այլ բույսերի համար»,- ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամը:
Հողի մելորացիայի ծրագիրը բարեհաջող ընթանալու դեպքում, հացահատիկից հետ կմշակեն նաև կաղամբ, գազար, ճակընդեղ: Մի քանի բնակիչ արդեն իսկ փոքր փորձարկում է սկսել:
22-ամյա Մարատը մոտ մեկ հեկտար հողակտոր ունի, որը չէր մշակվել ավելի քանի 10 տարի:
Ցորենի լավ բերք ստանալու ակնալիքները շատ են: Կլիմայական առումով աշունը նպաստավոր չի եղել, գարնան սկիզբը՝ նույնպես, բայց եթե հիմա անձրև լինի, կլիման մեղմ, ապա ցորենի բավարար պաշար կունենան:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծրագրի շահառու դարձանք, որից հետո հողամասը մշակեցինք: Քանի որ տարիներ ի վեր չէր մշակվել, անմխիթար վիճակում էր»,- նշել է նա։
Բնակիչներն ասում են, որ եթե լինի ճանապարհ, լինի ջուր, ապա ոչինչ չի խանգարի ավելի ամուր կառչել սեփական հողին ու տարածքին:
Այս կողմերում, առհասարակ, կյանքն ու պատերազմն ստիպել են մարդկանց չերազել շռայլությունների մասին: Փոխարենը՝ բոլոր երազանքները մեկ անուն են ստացել՝ խաղաղություն: Ուժանիսի բնակիչ Տիկին Սեդան հիշում է 90-ականները, որն ստիպել է հարմարվել այս կյանքին, իսկ իր 8-ամյա թոռը՝ Մարտինը, 44-օրյա պատերազմը հիշելով՝ հարցնում է․ արդյոք այն ժամանակ էլ է կռիվը նույն ձևն ունեցել: Բայց դա չի խանգարում, որ նա չկտրվի մանկական երազանքներից:
Մանրամասները՝ տեսանյութում։